BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Թեյնիկի կափարիչը բարձրացվեց

Թեյնիկի կափարիչը բարձրացվեց
28.06.2016 | 00:42

Անցած շաբաթ Ստրասբուրգում ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանն էր, որի օրակարգում զարմանալի զուգադիպությամբ ընդգրկվել էին հարցեր ու զեկույցներ, որ այս կամ այն կերպ առնչվեցին Ադրբեջանին ու Թուրքիային: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ հարցրի.

-Եթե ամփոփենք ԵԽԽՎ նստաշրջանը, ո՞րն էր գլխավոր արդյունքը:
-Կարևոր են պատկերացել համաեվրոպական գործընթացները և դրանց արտացոլումը ԵԽԽՎ-ում: Իրականում ԵԽԽՎ-ն երկփեղկված կառույց է՝ մի կողմից եվրոպական քաղաքականության հարթակ է, որտեղ դրսևորվում ու զարգանում են եվրոպական կյանքի բոլոր ելևէջները, մյուս կողմից՝ շատ ազատ է սեփական, անձնական, խմբային, խմբակային շահերի, հոսանքների դրսևորումների համար: Իմ խորին համոզմամբ՝ այս նստաշրջանը ցույց տվեց, որ կա վերաբերմունքի որոշակի փոփոխություն թուրքական գործոնի նկատմամբ: Ինչքան էլ քննարկումներն իրենց մեջ հետին միտք ունեին թեյնիկի կափարիչը բարձրացնել, այնուամենայնիվ, հատկանշական է, որ, օրինակ, համարյա երեք օր տևեց մոնիտորինգի հանձնաժողովում «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Թուրքիայում» քննարկումը, որ զեկույցի վերաբերյալ լիագումարում 60-ից ավելի ելույթներ կային, որ կային 50-ից ավելի փոփոխություններ՝ կեսը թուրքական պատվիրակության կողմից, մեղմացնող և արդարացնող, մյուս կեսը՝ եվրոպացիների կողմից՝ խստացնող: Զեկույցի ընդունումը լիագումար նիստում պարզ ցույց տվեց, որ նստաշրջանի պատվիրակները համաձայն են խոսել, քննադատել, բացահայտել, պահանջել, բայց չանել միակ քայլը, որը կարող էր ելույթներին համարժեք լինել և քաղաքական հետևանքներ ունենալ:
-Ո՞րն էր այդ քայլը:
-Թուրքիայի Հանրապետությունը վերադարձնել մոնիտորինգի գործընթացի տակ՝ այդ դեպքում լրջորեն փոխվում էր ԵԽԽՎ դերակատարությունը: Թեյնիկի կափարիչը իսկապես բարձրացվեց՝ 50 առաջարկներից թուրքական պատվիրակության առաջարկած և ոչ մեկը չանցավ: Նման զեկույց չեմ հիշում, երբ գեթ մեկ առաջարկ չընդունվի, խստացնող բոլոր առաջարկներն անվերապահ ընդունվել են, բացի մոնիտորինգի վերականգնումից: Այնուամենայնիվ, մոնիտորինգին վերադառնալու գաղափարն օդում այնքան էր խտացած, որ հնարավոր չեղավ ընդհանրապես խուսափել և որոշվեց՝ մոնիտորինգի գաղափարին վերադառնալ 2017-ին, եթե երկրում ոչինչ չփոխվի:
-Ի՞նչ էին Թուրքիայից ակնկալում եվրապատգամավորները:
-Արտառոց՝ ոչինչ, ընդամենը ժողովրդավարական նորմերի պահպանում, ասում էին՝ հակաժողովրդավարական քայլերը չեք կարող ահաբեկչության վտանգով հիմնավորել, մենք պատանդ չենք ձեր փաստարկների ձեռքին, մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարը չի կարելի հակադրել, մեր պատկերացումները այդ հարցում տարբեր են: Պատգամավորների զգալի մասի կարծիքով՝ ինչքան էլ կարևոր է պայքարը ահաբեկչության դեմ, դա չպիտի իշխանությունը չարաշահելու հնարավորություն տա (Ն. Դիրանտոն, Ֆրանսիա), չի կարելի ամեն ինչ պատճառաբանել ահաբեկչությամբ (Դ. Բակոյանիս, Հունաստան), պետք է պահպանել դիրքորոշման հաստատունությունը (Մ. Մարտ, Նիդերլանդներ), պետության անվտանգությունը և հիմնական իրավունքները չպիտի իրար հակասեն (Ա. Հեռ, Շվեյցարիա), մարդու իրավունքները չեն կարող ահաբեկչության գերին լինել (Զալիշչուկ, ՈՒկրաինա) և այլն: Բացի Թուրքիային վերաբերող զեկույցից, նստաշրջանի օրակարգում էին Հունաստանում միգրանտների հարցը, և շեշտվում էր, որ Թուրքիան չպիտի այս գործիքը օգտագործի Եվրոպայի հետ առևտրի համար, պատգամավորների իմունիտետի և պաշտպանվածության հարցը՝ օրինակ էր բերվում Թուրքիայում ընդունված օրենքը պատգամավորներին իմունիտետից զրկելու մասին, ստացվում էր, որ օրակարգը պարբերաբար վերադառնում էր Թուրքիայի իրավիճակին և հնչեցնում նեգատիվ գնահատականներ:
-ՈՒ՝ ի՞նչ: Գնահատականներից բացի, ռեալ քայլեր եղա՞ն:
-Մեկ նստաշրջանով իրավիճակի փոփոխություն պետք չէ սպասել: Առավել ևս, որ եվրոպական քաղաքականության հստակ արտահայտված միտումներին Թուրքիայի պատվիրակությունը կարողանում է հակադրել իր լոբբիստական բուռն ու արդյունավետ աշխատանքը: Լոբբիստների աննախադեպ մոբիլիզացիա հայտարարվեց և բավականին մեծ ռեսուրսներ գործադրվեցին երեք օրում: Թուրքիան իր բոլոր ուժերը բերել էր մարտական պատրաստվածության վիճակի՝ թե՝ մոնիտորինգի հանձնաժողովում, թե՛ քաղաքական խմբերում, թե՛ լիագումար նիստում օգտագործվում էին բոլոր փաստարկները, այդ թվում` ֆինանսական շանտաժը: Այս տարի Անկարան քսան միլիոն եվրո լրացուցիչ գումար է հատկացրել ԵԽԽՎ-ին: Ի վերջո, իրավիճակն այնքան թեժացավ, որ անգամ հարցը զեկուցող սերբ Նատաշա Վուկովիչը ասաց՝ հիշեք այն մարդկանց մասին, որ ապրում են այդ երկրում: Զեկույցը լրացվեց խստացնող լրացումներով, որոնց կատարման համար բավական լուրջ լրացուցիչ ջանքեր են պետք: Այսօրվա Թուրքիան ընդունա՞կ է դա հասկանալ և այդ քայլերը կատարել: Կարծում եմ՝ 2017-ին մոնիտորինգին վերադառնալու հեռանկարը ռեալ է՝ քվեարկությունը 64-ը ընդդեմ 68-ի էր, գերագույն ջանքերով Թուրքիան ընդամենը 4 ձայնի առավելություն ապահովեց: Մեր պատվիրակությունը ևս իր «ներդրումը» բերեց Թուրքիայի վրա ճնշումը մեծացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ ընդունված որոշման մեջ մենք էլ մեր կարևոր մասն ունենք՝ հաջորդ տարի հարցին անդրադառնալու առումով:
-Ի՞նչ էին անում Ադրբեջանի պատվիրակության անդամները Թուրքիայի համար:
-Բնականաբար՝ ադրբեջանցիները քաղաքական խմբերում և հանձնաժողովներում փորձեցին հանդես գալ իբրև Թուրքիայի փաստաբան և պաշտպան: Բայց նրանք էլ ունեին խնդիրներ՝ Հայաստանի գծով մոնիտորինգի համազեկուցողները ներկայացրին իրենց տպավորությունները և բարձրաձայնեցին ապրիլյան պատերազմին մեր պատվիրակության գնահատականին համահունչ գնահատականներ, ավելին՝ հայտնեցին իրենց հաստատակամությունը լուրջ գործընթաց ձևավորելու ուղղությամբ ոչ միայն մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Այդ ուղղությամբ հենց այս նստաշրջանում տեղի ունեցավ իրենց հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդի հետ: Քառօրյա պատերազմի օրերին մարդկության դեմ գործած ադրբեջանցիների հանցագործությունները պետք է հետաքննության և քաղաքական գնահատականների արժանանան: Բացի դրանից, «Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ» եվրոպական հանձնաժողովի զեկույցը Ադրբեջանի վերաբերյալ շատ ծանր ձևակերպումներ և եզրահանգումներ ունի՝ տիրող իրավիճակի և վարվող քաղաքականության վերաբերյալ և շեշտադրում է բարձրաստիճան պաշտոնյաների՝ ընդհուպ մինչև նախագահ, դերակատարությանը: Մեր պատվիրակությունը թե լիագումար նիստում, թե քաղաքական խմբերում ու հանձնաժողովներում կարողացավ այս հարցը բավարար ներկայացնել և վերաբերմունք ձևավորել: Արդյունքում շուրջ 45 պատգամավորի ստորագրությամբ ռասիզմի և այլատյացության թեմայով նոր զեկույցի առաջարկություն կատարվեց:
-Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, իսկ Վրաստանը չկա՞ր այս նստաշրջանում:
-Մոնիտորինգի հանձնաժողովում ինչպես Հայաստանի համազեկուցողների փաստահավաք առաքելության մասին տեղեկատվություններն էին քննարկվում, այնպես էլ՝ Վրաստանի համազեկուցողների: Այս զեկույցը գրավոր տեսքով էր և բավականին լուրջ պայքար ու դիմակայություն կար իշխանություն-ընդդիմություն թևերի միջև, հատկապես, որ Վրաստանում շուտով խորհրդարանական ընտրություններ են: Իբրև մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ՝ նիստը վարում էի ես և պետք է ասեմ, որ բավականին լարված նիստ էր՝ լարված բանավեճով:
-Այս ընթացքում Եվրոպայի կյանքում ճակատագրական հետևանքներ ունեցող իրադարձություն եղավ, ինչպե՞ս կանդրադառնա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը ԵԽԽՎ ՄԲ պատվիրակության աշխատանքի վրա:
-Մեծ Բրիտանիայի ժողովուրդն արտահայտեց իր կամքը, որն ընդունեցին թե՛ երկրի վարչապետը, թե՛ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները: Դա հավատարմություն է ժողովրդավարական արժեքներին: Կարծում եմ՝ ԵՄ-ից դուրս գալով Մեծ Բրիտանիան չի փոխելու իր քաղաքականությունը, և այս որոշումը կտրուկ անդրադարձ չի ունենա այն մեծ ու կարևոր դերակատարության վրա, որ ունի բրիտանական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ